ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ QS Ա փուլի Դասախոսություն 02։ Դասախոսություն 02 ԻՆՉ Է ՄԱՀԸ։ ԻՆՉՆ Է ՄԵՌՆՈՒՄ ԵՎ ԻՆՉԸ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ Մահի անգիտությունը բերել է նրան, որ մարդկանց մեծ մասը վախենում է նրանից և մահի մեջ չի տեսնում ամեն ինչի նպատակը կամ վերջնական նշանակետը։ Եթե մարդն իսկապես հասկանում է, թե ինչ է մահը, նա այլևս չի վախենա նրանից և կկարողանա թափանցել Կյանքի և Մահի Խորհուրդների մեջ։ «Ապրելու իմաստը մեռնելն է», և մենք չունենք դրանից տարբեր այլ խնդիր։ Ծնվում են՝ մեռնելու համար, և մեռնում են՝ ծնվելու համար։ Եթե հատիկը չմեռնի, բույսը չի ծնվի։ Մահը ինչ-որ բանի վերջն է։ Մահը բոլոր դեպքերում ազատագրում է։ Մենք իրավունք ունենք վերադառնալու 324 000 մարդկային ֆիզիկական մարմիններում՝ անցնելով ֆիզիկական մահով։ Այս ամենը տեղի կունենա մեքենայաբար, եթե չհասկանանք այն նշանակությունը, որ ունի հոգեբանական մահը, որը թույլ է տալիս մեզ մեկ գոյության ընթացքում հասնել Էակի սերտ Ինքնաիրացմանը։ Մենք աստիճանաբար տեսնում ենք, որ կան մահի երեք տեսակ, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ և որոնցից ոչ մեկը չէր կարող ուսումնասիրվել՝ առանց մյուս երկուսը ուսումնասիրելու. A. Ֆիզիկական Մարմնի Մահը։ B. Երկրորդ Մահը։ C. Հոգեբանական Մահը։ A. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ. Այն սկսվում է կատալեպսիայի վիճակով, որը տևում է 72 ժամ, երբ ֆիզիկական մարմինը թվացյալ մեռած է, սակայն այդ վիճակը կարող է ընդհատվել ցանկացած պահի, ինչի հետևանքով մահամերձն այս ժամանակահատվածի ընթացքում կվերադառնար մարմին։ Այս յոթանասուներկու (72) ժամվա ընթացքում հաջորդում են միմյանց երեք Դատաստաններ հետևյալ կերպ։ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱՍՏԱՆ. Առաջին հինգ (5) րոպեների ընթացքում մարմնազերծվածը կատարում է գիտակցական հետահայացք այս գոյության մեջ իր յուրաքանչյուր արարքի վրա՝ ուշադիր դիտարկելով ապրված գոյության յուրաքանչյուր դեպք, և հասնելով հենց իր ծննդյան պահին՝ համեմատում է ապրված գոյությունն այն ծրագրի հետ, որ ուներ դրա համար։ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՏԱՍՏԱՆ. Այն տեղի է ունենում մոտավորապես քսանչորս (24) ժամ հետո՝ Աստվածային Օրենքի Տիրակալների առջև։ Այստեղ հաշվի են առնվում երկու բան. • Հոգեբանական տարրերից յուրաքանչյուրի ատոմային Կշիռը։ • Դրանց Թիվը (քանակը). Ապա դրանք համեմատվում են այն բաների հետ, որ մահամերձն ուներ իր նախորդ գոյության ավարտին՝ տեսնելու համար, թե դրանք ավելացել են, թե պակասել այս գոյության մեջ։ ԵՐՐՈՐԴ ԴԱՏԱՍՏԱՆ. Մոտավորապես քառասունութ (48) ժամ հետո մարմնազերծվածի Հոգին տարվում է Օբյեկտիվ Արդարադատության Ատյան։ Այստեղ դատվում է երեք բան. • Եսերից յուրաքանչյուրի բարի կամ չար գործերի կշիռը (գոյության արարքները)։ • Այն անգամների թիվը, որ այս հոգեբանական տարրերից յուրաքանչյուրը դրսևորվել է գոյության մեջ։ • Ողնուղեղում եղած կրակի չափը։ Այս գործընթացի ավարտին կատարվում է կոտորակների գումարում և հանում, որոնք պետք է որոշեն մի քանի բան. այն Կարման, որ այս հոգին կկրի իր հաջորդ գոյության մեջ, և նոր անհատականության էլեկտրահոգեկան նախագիծը, եթե, իհարկե, նա իրավունք ունի նոր գոյության։ Այս դատաստանն ավարտվելուց հետո Անուբիսը՝ Օբյեկտիվ Արդարադատության Հիերարքը, հրամայում է Մահվան Հրեշտակին կտրել մարմնազերծվածի արծաթե թելը, և որ նա ազատվի իր ֆիզիկական մարմնից։ Սակայն Մահվան Հրեշտակը թույլտվություն է խնդրում մահամերձի Աստվածային Մորից։ Եթե թույլտվությունը տրվում է, նա մինչև քսանչորս (24) ժամ է վերցնում՝ մահվան ճառագայթով արծաթե թելը կտրելու համար։ Եթե Մայրը չի թույլատրում մահվան ճառագայթը, մահամերձը պետք է վերադառնա իր ֆիզիկական մարմին՝ յոթանասուներկու (72) ժամից առաջ։ Ցավոք, այս ժամանակաշրջանում գրեթե ոչ ոք չգիտի այս գործընթացները, որոնք երբեմնի հայտնի էին մոլորակի բոլոր ցեղերին ու ժողովուրդներին։ Եվ մահամերձներին կենդանի թաղում են կամ ենթարկում դիահերձման՝ յոթանասուներկու (72) ժամից առաջ։ Սրանից հնարավոր կլիներ խուսափել, եթե մարդիկ ավելի լավ ճանաչեին մահվան գործընթացը և այդքան չվախենային նրանից. յոթանասուներկու (72) ժամ տևող հսկումով դա հնարավոր կլիներ կանխել։ Երբ Մահվան Հրեշտակն արդեն գործել է, մարմնազերծվածի առջև բացվում է երեք այլընտրանք. • Որ նրա 108 գոյություններն արդեն ավարտվել են և նրա հոգին պետք է մտնի Երկիր մոլորակի մեջ ընկղմված ինվոլյուցիա, որտեղից նա դուրս չի գա, մինչև չհասնի Երկրորդ Մահվան կամ իր Էության ազատագրմանը։ • Որ նրա 108 գոյությունները դեռ կատարված չեն։ Նրա հոգին կտեղափոխվի Լիմբոս, որտեղ նա կսպասի իր հաջորդ մարմնին՝ անդադար հետահայացքներ անելով իր նախորդ գոյության վրա։ • Եթե նա աշխատել է Սրբազան Կրակի հետ և մեծացրել նրա չափը, Անուբիս Հիերարքը կհրամայի արձակուրդ Երկնքում, և մարմնազերծվածի Աստվածային Մայրը կտանի նրան, ուժ և ցուցումներ կտա նրան, որպեսզի իր հաջորդ ֆիզիկական մարմնում այս հոգին ձեռնարկի իր Էակի Ինքնաիրացումը։ B. ԵՐԿՐՈՐԴ ՄԱՀԸ. Երբ մարդ չի աշխատում ինքն իր վրա, Հոգեկանը կամ Հոգին կորչում է 108 գոյությունների ավարտին։ Այս հոգին տարվում է Անդունդ, թափանցում է Դանթեական Ինը Շրջանները, որտեղից նա դուրս չի գա այնքան ժամանակ, քանի դեռ բնությունը չի քայքայել բոլոր այն թերությունները, որոնք ստեղծվել են տարբեր գոյությունների ընթացքում։ Հազարավոր տարիների տառապանքից և քայքայումից հետո, երբ Էությունը դառնում է լիովին մաքուր, տեղի է ունենում նրա ազատագրումը Անդունդից։ Այս քայլը կոչվում է Երկրորդ Մահ։ Էությունը լիովին ազատագրված դուրս է գալիս Արևի լույսին, որտեղ նա նորից կսկսի նոր էվոլյուցիա՝ սկսելով կրկին հանքային թագավորությունից։ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԱՀԸ. Սա ազատում է մեզ այն մշտական ստրկությունից, որում մեզ պահում են սեփական անձի տարբեր եսերը կամ լինելու ձևերը։ Մենք ունենք միլիոնավոր հոգեբանական թերություններ կամ մեղքեր, որոնք դրսևորվում են ամենօրյա կյանքում և մշտապես սպառում են մեր էներգիաներն ավելորդ կերպով։ Կան ամեն տեսակի թերություններ. բարկություն, անհամբերություն, դյուրագրգռություն, ագահություն, փառասիրություն, մտահոգություն, խաբեություն, ստախոսություն, վախ, նախանձախնդրություն, ցանկասիրություն, պոռնկություն, շնություն, ունայնամտություն, ինքնահավանություն, ինքնա. սիրություն, ինքնաարդարացում, ինքնախղճահարություն, տառապանք, հպարտություն, չարակամություն, հուսահատություն, դժգոհություն, զզվանք, ծուլություն, դատարկապորտություն, հետաքրքրասիրություն, գողություն, խարդախություն, քուն, մուրացկանություն, վատնում, ալկոհոլամոլություն, թմրամոլություն, այլասերում, որկրամոլություն, շատակերություն, նախանձ և այլն, և այլն, և այլն։ Ինչպես ասում էր Մանտուայի բանաստեղծը, եթե անգամ ունենայինք պողպատե քիմք և հազար լեզու, դրանք մեզ չէին բավականացնի դրանք ամբողջությամբ թվարկելու համար։ Այս հոգեբանական թերություններից յուրաքանչյուրը բանտարկված է պահում մեր գիտակցության մի փոքր բաժին, որն էլ կյանք է տալիս թերությանը։ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ագահության Ես — Հպարտության Ես — Շատակերության Ես — Նախանձի Ես — Բարկության Ես — Ցանկասիրության Ես — Ծուլության Ես ՄԵԿ ԹԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ Երբ հոգեբանական թերությունը մեռնում է, ազատագրվում է բանտարկված կայծը կամ գիտակցությունը, որն էլ նրա մեջ իրական մասն է։ Եթե մեկ հոգեբանական թերություն կարող է վերացվել, ապա բոլոր թերությունները կարող են վերացվել։ Եթե մենք կարող ենք մեկ կայծ ազատագրել խավարից, կկարողանանք ազատագրել դրանք բոլորը։ Ինչով ապացուցվում է, որ մահով մահը սպանվում է հավիտենապես։ Եթե մենք ազատվենք մեր բոլոր հոգեբանական թերություններից, մենք կվերականգնենք մեր ողջ գիտակցությունը և կմիավորենք մեր սեփական Էակը՝ հասնելով սրբազան անհատականության։ Դրա համար ենք ասում, որ ապրելու իմաստը մեռնելն է։ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ. ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ինքնադիտարկումով մի թերություն, դատել այն խորհրդածությամբ, մինչև հասկանալ այն, և վերացնել այն՝ աղերսելով աստվածային մորը, որ մահ պարգևի նրան։ ՕՐԻՆԱԿ. Գնում եմ փողոցով և տեսնում մի գեղեցիկ աղջկա։ Դիտարկում եմ անշփոթելի զգացողություն սեռական կենտրոնում, հայտնաբերում եմ ձգողությունն իմ բնազդային կենտրոնում, ինձ սիրահարված եմ զգում զգացմունքային կենտրոնում, իդեալականացնում եմ նրան մտավոր կենտրոնում, դիտարկում եմ այն հրամանները, որ ինձ տալիս են եսերը շարժողական կենտրոնում։ (Սա է ինքնադիտարկվածը։) ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ. «Ի՞նչ է ցանկանում այս եսը», «Ինչու է ինձ տանջում», «Ի՞նչ է սա, որ ինձ հուշում է անել»։ ՀԱՍԿԱՑՈՒՄՆԵՐ. Ես պոռնկանում եմ բոլոր կենտրոններում ինձ դուր եկած ամեն աղջկա հետ. թերությունն ինձ ղեկավարում է. ես մոռանում եմ ինքս ինձ. ես նույնանում եմ, և գիտակցությունը քնում է։ ՎԵՐԱՑՈՒՄ. Յուրաքանչյուր մանրամասի համար, որ դիտարկել եմ և որի մասին գիտակցել եմ, խնդրում են մեր սեփական Աստվածային Մորը, որ վերացնի այն յուրաքանչյուր կենտրոնում՝ այն ցանկությունը, որ ես զգում եմ։ Այս գործընթացը կարելի է կրկնել ամբողջ օրվա ընթացքում՝ յուրաքանչյուր մանրամասի համար, որ հայտնաբերվում է։ Ի՞ՆՉՆ Է ՄԵՌՆՈՒՄ. Ֆիզիկական մարմինը, կենսական մարմինը և անհատականությունը այն մասերն են, որոնք մեռնում են գոյության ավարտին։ ԻՆՉԸ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ։. Յուրաքանչյուր մարդու Էությունը կամ Գիտակցությունն անմահ է, նա մեր միակ իրական և ճշմարիտ բանն է, երբեք չի մեռնում, նա յուրաքանչյուրի մեջ Աստծո մասն է։ Այն հոգեբանական տարրերը, որոնց մեջ շշալցված է մեր Էությունը կամ Գիտակցությունը, վերադառնում են գոյությունից գոյություն և դրանցից յուրաքանչյուրում ամրապնդվում են։ Կարևոր է հասկանալ, որ ֆիզիկական մարմնի մահով հոգեբանական թերությունները չեն մեռնում, դրանք որսվում են սերմնային պատյանի կողմից և տեղափոխվում նոր մարմին՝ մինչև 108 գոյությունների ավարտը։ Եթե մենք դրանք կամովին չվերացնենք, ի վերջո դրանք կքայքայվեն Անդունդում, երբ կատարվի Երկրորդ Մահը։ Դասախոսություն 02-ի ավարտ։ — Համընդհանուր իմացություն QS